ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի 40-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: Պարզվել է սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:

2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի շենքերից մեկի վերելակում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Պարզվել է դիակի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա.Դերգելյովն է: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի հետին մակերեսի եւ ձախ ուսագոտու շրջաններում հայտնաբերվել են  ծակած-կտրած մարմնական վնասնվածքներ:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՝ 2016 թվականի օգոստոսի 24-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն թաղամասի բնակիչ, 1943 թվականին ծնված Է.Սիմոնյանը եւ հարցաքննվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն:

 Ա.Դերգելյովը ճանաչվել է տուժող:

Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տուժողի հագին եղած հագուստը:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: