Սիրիայի Ջերաբլուսում իրականացվող գործողության հիմանական տարրը «Ազատ սիրիական բանակն» է, իսկ Թուրքիան ուղղակի աջակցում է նրանց։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել է, թե օգոստոսի 24-ին սկսած «Եփրատի վահան» գործողությունն ըստ նախատեսվածի է ընթանում, եւ երբ «Ազատ սիրիական բանակը» Ջերաբլուսում վերահսկողություն սահմանի, նրանց աջակցող թուրքական տանկերը հետ կքաշվեն Թուրքիա։

Նախարարը պնդել է, որ գործողության մասնակցող հիմնական տարրը «Ազատ սիրիական բանակն» է, իսկ Թուրքիան ուղղակի աջակցում է նրանց։ Նա շեշտել է, թե իրենց նպատակն է եղել, որ «Իսլամական պետությունը» հեռանա տարածքից՝ հավելելով, որ քրդական ուժերին էլ ժամանակ են տվել հեռանալ Եփրատի արեւելյան ափ։

Նախարարը նշել է, թե գործողությունից առաջ իրենք մանրամասները տեղյակ են պահել ՌԴ-ին, ԱՄՆ եւ Իրանին։ «Իհարկե, չենք կարող հաշվի չառնել նաեւ Ասադի վարչակարգին»-ասել է Ֆիքրի Ըշըքը։

Ըստ նախարարի՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում արդեն սպանվել է «Ազատ սիրիական բանակ» կոչված խմբավորման 2 զինյալ։