Մեկ բարել նավթի գնի 40-ից 50 դոլարի միջակայքը համեմատաբար ձեռնտու է Ռուսաստանին, հետեւաբար՝ նաեւ Հայաստանից արտահանմանը: Օգոստոսի 31-ին այս մասին լրագրողներին ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը:

Գնի այդպիսի ցուցանիշի դեպքում Ռուսաստանի տնային տնտեսությունների գնողունակությունն այն մակարդակին է պահպանվում, որը նպաստում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, նաեւ պահածոների արտահանմանը:

Ամենայն հավանականությամբ, այս մակարդակից ավելինի դեպքում սկսվում է թերթաքարային նավթի արդյունահանման ընդլայնումը, եւ գները կրկին անկում են գրանցում՝ պահպանվելով բարելի դիմաց 40-50 դոլարի միջակայքում, ասել է նա:

Նշենք, որ եթե 2015-ի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմում էր 89,9 մլն դոլար, ապա 2016-ի առաջին կիսամյակում՝ արդեն 171,1 մլն դոլար, այսինքն՝ գրեթե կրկնակի աճ է գրանցվել (1,9 անգամ):