Արարատի մարզում սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից տուժած անչափահասներից երկուսը տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց, մեկը շարունակում է մնալ Մասիսի հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: Նրանց վիճակը բավարար է:
Նույն ավտովթարից մահացած, ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Արտակ Բաբաջանյանը Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից էր, սակայն, արդեն 10 տարուց ավելի է բնակվում էր Երեւանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00.39-ին Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի 3-րդ կմ-ին «BMW-520» մակնիշի 34 FM 520 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Արտակ Բաբաջանյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորներ՝ 16-ամյա Արսեն Ա.-ն, 16-ամյա Ռուբեն Ա.-ն եւ 15-ամյա Դավիթ Ռ.-ն, տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























