Աշտարակի Մուղնի թաղամասում առկա էլեկտրաէներգիայի տատանումների խնդիրն երկու շաբաթ անց այդպես էլ չի լուծվել: NEWS.am-ի հետ զրույցում Մուղնիի բնակիչ տիկին Անահիտը նշեց, որ չնայած երկու շաբաթ առաջ Հայաստանի էլեկտրական ցանցերից իրենց խոստացել էին, որ հոսանքի հաճախակի անջատումների հարցը մեկ շաբաթից կկարգավորվի, այդպես էլ, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:

«Մեզ ասել էին, որ մեկ շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծվի, մեր հոսանքի գիծը փոխել էին, 3-րդ գիծն էր` դարձրել էին 4-րդ: Հիմա էդ 4-րդ գիծը շատ ծանրաբեռնված է, խոստացել էին, որ նորից նախկին գիծը կվերականգնեն: Անընդհատ լույսն անջատվում է, կամ էլ հոսանքի տատանումներ են լինում ու դրա հետեւանքով մեր տեխնիկան փչանում է: Այդպես էլ ոչինչ չարեցին, էլի լույսերը մի փոքր քամուց անջատում են, տատանումներ են լինում, վախենում ենք մի բան միացնենք, որ հանկարծ չփչանա»,-ասաց տիկին Անահիտը:

Մուղնիի բնակիչը նշեց, որ չնայած գյուղացիները ՀԷՑ-ի տնօրինությանը մեկ շաբաթ ժամանակ էին տվել խնդրի լուծման համար, սակայն, այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեցին՝ ստիպելու կատարել տրված խոստումը. «Բոլորը ՏԻՄ ընտրություններով են զբաղված, ոչինչ չեն անում, մի անգամ բողոքի ակցիա արեցին ու վերջ: Մենք մեկ շաբաթ ժամանակ էինք տվել ՀԷՑ-ին, բայց էդ մի շաբաթն էլ անցավ, հիմա գոնե էլի բողոքի ակցիաներ կազմակերպենք, որ քայլեր ձեռնարկեն, կարգավորեն էս հարցը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշտարակի Մուղնի թաղամասի բնակիչները բողոքում են էլեկտրաէներգիայի անընդհատ տատանումներից, որի հետեւանքով մեծ վնասներ են կրում: Նրանք օգոստոսի 8-ին հավաքվել էին Աշտարակի ՀԷՑ-ի «Աշտարակի» մասնաճյուղի դիմաց եւ պահանջել լուծում տալ այդ խնդրին, որն առկա է արդեն 4 տարի: