Թալիշում հակառակորդի կողմից մայիսին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանն արդեն խոսում է եւ ինքնուրույն քայլում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա մայրը՝ տիկին Գայանեն:
«Արդեն մենակ քայլում է, ազատ խոսում է: Հիշողության կորուստ էլ ունի, բայց սկսել է կամաց-կամաց հիշել, նույնիսկ վիրավորվելուց հետո իրեն դիրքերից իջեցրած տղայի դեմքն է հիշում, հենց նկարը տեսավ` ասաց ինքն է ինձ շալակած իջեցրել: Բժիշկներն ասում են` հրաշք է տեղի ունեցել»,- ասաց տիկին Գայանեն:
Հովհաննեսի միակ խնդիրը, մոր խոսքով, աջ ձեռքը շարժել չկարողանալն է: Բժիշկներն ընտանիքին հավաստիացրել են` ժամանակի ընթացքում այս հարցն էլ կլուծվի:
21-ամյա զինծառայողը Կարմիր խաչի «Քրոսս» առողջության վերականգնողական կենտրոնում է, մի քանի օրից բուժման երկրորդ կուրսն էլ կավարտի եւ տուն կգնա:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առայսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:




























