Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրատչյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, այցելել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոց: Լրագրողների հետ զրույցում նախարարը շնորհավորել է բոլորին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ եւ նշել, որ կարեւոր է՝ յուրաքանչյուր հայի  գիտելիքի հարստացումը՝ ի ամրապնդում հայ ժողովրդի:

«Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, այսօր չկա ընտանիք, որը ուրախ օր չունենա: Ցանկանում եմ, որ սեպտեմբերի 1-ը մեզ միավորող օր լինի, մեր երեխաներին խաղաղություն լինի, յուրաքանչյուրը կարողանա իր գիտելիքները հարստացնել՝ ի ամրապնդում մեր ժողովրդի: Ես հիշում եմ, մեր ծնողները երբ պատմում էին, ասում էին իրենց դպրոցական տարիներն առանձնահատուկ էին, յուրաքանչյուր սովորողի համար իր դպրոց հաճախելու տարիներն առանձնահատուկ են եւ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր դժվարությունները:  Մեզ համար մի քիչ դժվար է, որովհետեւ ձեւավորում ենք այս բարդ համակարգը, անկախության տարիներին: Այն ինչ մենք ենք ձեւավորում, մերն է, յուրահատուկ է, աշխարհում այլեւս չկա այսպիսի կրթական համակարգ»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ իր համար ամենահիշվող սեպտեմբերի 1-ը եղել է, երբ իր երեխային ուղեկցել է առաջին դասարան: