Գործող օրենսդրությունը լիարժեք թույլ չի տալիս պայքարել մենաշնորհների դեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, սակայն, որ օրենսդրական բացն իրենց չի կաշկանդում այդ ուղղությամբ քայլեր անելու ուղղությամբ:
Արծվիկ Մինասյանի խոսքով, Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է աշխատախումբ, որը համագործակցելով ՏՄՊՊՀ-ի եւ միջազգային կառույցների հետ, փորձելու է օրենսդրական փոփոխություններ անել արդեն հաջորդ տարվա համար:
Անդրադառնալով այդ ուղղությամբ կատարվելիք քայլերին, նախարարը նշել է. «Դրանցից առաջինը ներդրումների սահմանափակումների հնարավորինս մեղմացումն է, իսկ առանձին դեպքերում վերացումը: Երկրորդը՝ մեծածախ եւ մանրածախ շղթայի քանդում է, եթե կարելի է դա այդպես անվանել, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր արտադրողները դառնում են նաեւ մանրածախ վաճառողներ՝ ակնհայտորեն շուկայից դուրս մղելով այլ սուբյեկտների, որոնք զբաղված են միայն մանրածախ վաճառքով: Երրորդ քայլը՝ շուկայում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետեւողականորեն հսկելն է: Ցավոք, այսօր մեզ մոտ հանդիպում ենք դեպքերի, երբ որեւէ անձ շուկայում ձեռք է բերում որոշակի իշխանություն՝ արհամարհելով գործող օրենսդրական պահանջները, բայց նաեւ չկա համապատասխան լծակ, որպեսզի կասեցնես, չթողնես, կամ եթե կա այդ լծակը, ինչպիսին, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության լիազորություններն են, այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ պարտադրանքը չի դառնում պետական մարմնի համար որպես պարտադիր գործադրվող նորմ»:





























