Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նոր ուսումնական տարում երեխաները դպրոց չեն գնացել. պատճառը 10 ամիս առաջ մթերված խաղողն է, որի դիմաց գյուղացիները դեռ գումարը չեն ստացել: NEWS.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ վաղ առավոտից  գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը, իսկ երեխաներին դպրոց չեն ուղարկել:

Նշենք, որ դպրոցը բաց է,  տնօրենն ու ուսուցիչները ներսում են՝ առանց աշակերտների, իսկ աղավնաձորցիները պնդում են, որ իրենց բողոքի ակցիան շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց գումարները տան: Բողոքի ակցիան հսկում են ոստիկանները:

Հիշեցնենք, որ աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել: «Վեդի Ալկո» ընկերությունը  140 միլիոն դրամի պարտք ունի գյուղացիներին, որն արդեն 10 ամիս է չի վերադարձնում: