Թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն. այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, ասել է.
«Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Եթե նախկինում կարեւոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլեւս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի եւ հասարակության համար: Հայաստանում դրա գիտակցումը կա: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ եւ նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում:
Մենք հետեւողականորեն կատարելագործում ենք մեր կրթական համակարգը: Մենք նաեւ գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլեւ այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաեւ արագացնել կրթության զարգացման տեմպերը:
Մեր խնդիրն է նաեւ լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար: Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով:
Դատելով միջազգային մրցույթներում մեր դպրոցականների արդյունքներից՝ մեր դպրոցի ցուցանիշները վատ չեն: Մեր դպրոցը մրցունակ է, բայց չպետք է բավարարվել եղածով, ուստի անհրաժեշտ է տարեցտարի բարձրացնել մեր պահանջների նշաձողը: Հակառակ դեպքում մենք շատ հետ կմնանք զարգացող աշխարհից:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի:





























