Այս տարվա հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում, «Հայաստան Արցախ» հիմնադրամը 4.3 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով եւ տասը ծովային արկղերով։
Սույն օժանդակությունն իրականացնելու համար, «Հայաստան Արցախ» հիմնադրամը 3 մլն դոլար ընդհանուր արժողությամբ դեղորայք եւ այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից (1.4 մլն դոլար), Կանադայի Health Partners International կազմակերպությունից (811,000 դոլար), AmeriCares կազմակերպությունից (620,000 դոլար) եւ Կաթողիկե Բժշկական Առաքելության Հոգաբարձությունից (146,000 դոլար)։
Այս ժամանակաշրջանում արժեքաւոր ապրանքներ են նվիրել նաեւ հետեւյալ կազմակերպությունները. Prime Healthcare (777,000 դոլար), Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցությունը (181,000 դոլար), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա (128,000 դոլար), Project AGAPE (103,000 դոլար), եւ Հայ Որբերի Օգնության Միությունը (111,000 դոլար)։
Հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամի առաքած նպաստը ներառել է հիմնականում անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների եւ մտային հիւանդությունների բուժման համար, ինչպես նաեւ դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրաւորվածների խնամքի համար։
2015 թ. դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, «Հայաստան Արցախ» հիմնադրամը 18.5 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքներով եւ 34 ծովային արկղերով։ Հաշվի առնելով, որ «Հայաստան Արցախ» հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է 738.5 մլն դոլար:
«Հայաստան Արցախ» հիմնադրամին կանոնաւորաբար առաջարկվում են միլիոնաւոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղորայք եւ բժշկական պարագաներ», հայտնեց «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը. «երախտապարտ ենք մեր առատաձեռն բարերարներին, որոնց աջակցության շնորհիւ կշարունակենք անհետաձգելի նպաստ տրամադրել Հայաստանի եւ Արցախի բժշկական կենտրոններին»։





























