Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հայերը գումարային ներդրումներ են կատարել Արցախում ապրիլյան պատերազմի հետեւանքով վիրավորված զինվորների արդյունավետ ապաքինման համար անհրաժեշտ են ֆիզիոթերապեւտիկ բուժումների սարքավորումներ ձեռք բերելու համար:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներից եւ դասախոսներից բաղկացած կամավորների խումբն արդեն երեք ամիս է` աշխատում է վիրավորների հետ եւ ոչ միայն ապրիլին վիրավորված տղաների, այլեւ նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը: Դրամահավաքի կազմակերպիչներից Մովսես Մովսիսյանը հանդիպել է նախաձեռնող խմբի հետ եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սկսել են վերականգնողական աշխատանքներին աջակցելու գործը:
«Ապրիլյան օրերին ցանկանում էինք մեր հնարավորությունների սահմաններում տղաներին մի բանով օգնել։ Հետագայում հասկացանք, որ մեր օգնության կարիքն իրոք կար: Մեզ միացան նաեւ Մովսեսն ու Թուլուզի մյուս հայերը եւ որոշեցինք, որ մեր աջակցությունը զինվորներին պետք է շարունակական բնույթ կրի», - ասում է կամավորների խմբի կազմակերպիչներից Դավիթ Արսենյանը։
Տղաների խոսքով` այս սարքավորումները դեռեւս պետք է համալրվեն նորերով, սակայն դրանք գնելու են ոչ թե Հայաստանից, այլ արտերկրից, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են։
«Այս սարքավորումները կարեւոր են, քանի որ նախատեսված են զինվորների վերականգնողական աշխատանքների համար։ Վարժություններ կատարելու միջոցով նրանք պետք է բարելավեն ձեռքի շարժումներն ու տեղաշարժվելու, խոսելու հետ կապված խնդիրները: Ու ամենակարեւորը` այս սարքավորումներն օգնելու են ոչ միայն ապրիլին, այլեւ դրանից առաջ եւ հետո վիրավորված զինվորների վերականգնման հարցում»,-ասացին տղաները:



.jpg)





























