Աղավնաձորցիներին մթերված խաղողի դիմաց  շուրջ 140 միլիոն դրամի չափ պարտք ունեցող «Վեդի Ալկո» ընկերության տնօրենն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կհանդիպի աղավնաձորցիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ  Աշոտ Գալստյանը: Նա նշեց, որ գյուղացիները դեռ մի խնդիրը չլուծած, այլ խնդրի առջեւ են կանգնել. չգիտեն, թե այս տարվա խաղողի բերքի հետ ինչ են անելու:

«Դեռ նախորդ տարվա մթերված խաղողի դիմաց գումարը չստացած, նոր խնդրի առջեւ ենք՝ այս տարվա խաղողի ճակատագիրն անհայտ է: Չգիտենք, ինչ ենք անելու, եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ այլեւս խաղող չաճեցնենք ու 400 հեկտարից ավելի հողը մնա անմշակ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր բողոքի ակցիա են արել. փակել են դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չեն ուղարկել դպրոց: