Դատելով պաշտոնական տվյալներից՝ Հայաստանում բնակարանային շուկայում շուկայական գները մեկ ամսվա ընթացքում փոփոխվում են կրիայի տեմպերով: Այդ պատճառով ավելի լավ է դիտարկել, ասենք, վերջին հինգ տարիների տեղաշարժերը՝ որպես օրինակ վերցնելով մայրաքաղաքը: Նշված ժամանակահատվածում բնակարանների միջին գները նվազել են միայն Կենտրոն վարչական շրջանում (12%-ով): Մայրաքաղաքի մյուս շրջաններում աճ է արձանագրվել՝ 11%-ից (Նուբարաշեն) մինչեւ 34% (Շենգավիթ):

Դրա հետեւանքով էլիտար Կենտրոնի եւ ծայրամասերի գների միջեւ տարբերությունը փոքր-ինչ նվազել է: Հայտնի է, որ գների մակարդակով մայրաքաղաքում Կենտրոն վարչական շրջանը մի բեւեռում է, իսկ Նուբարաշենը՝ մյուս:

Հինգ տարի առաջ այդ «բեւեռների» միջեւ գների տարբերությունը հասնում էր 3.0 անգամի, իսկ հաշվետու ամսում՝ արդեն 2.7: Պատկերը նույնն էր նաեւ քաղաքի մյուս ծայրամասերի պարագայում, որտեղ նույնպես բնակարանները թանկացան: Կարելի է եզրակացնել, որ այդ գործընթացը կապված է մայրաքաղաքի «թանկարժեք» կենտրոնից դեպի ծայրամասեր գնողական պահանջարկի տեղափոխմանը:

Սակայն հարկ է նշել, որ այս եզրահանգումը հիմնված է պաշտոնական տվյալների վրա: Առանձին մասնագետներ կարծում են, որ բնակարանային շուկան վաղուց լճացման փուլում է: Նույնիսկ կատակում են. «Վաճառողներն ավելի են, քան գնորդները»:

Հայտնի է, որ Հայաստանում երկրորդային շուկայում բնակարանների առաջարկի աճին նպաստող գործոններից մեկն արտագաղթն է: Պաշտոնական տվյալներով՝ վերջին հինգ տարիներին երկրի մշտական բնակչության թիվը կրճատվել է գրեթե 24 հազար քաղաքացիով, ընդ որում՝ կայուն բնական աճի ֆոնին: Այսինքն՝ քաղաքացիների արտահոսքը նշված մեծությունից ավելին է եղել:

«Ընդմիշտ» արտագաղթելու բազմաթիվ «օրինական» հնարավորություններ կան: Ասենք՝ ԱՄՆ-ի Green Card վիճակախաղը (երկու տարի առաջ ավելի քան 2.2 հազար մարդ է շահել) կամ Ռուսաստանի «Հայրենակիցների» ծրագիրը (նույն տարում ծրագրից 6.8 հազար մարդ է օգտվել):

Հասկանալի է, որ այլ երկրներ մշտական բնակության մեկնելիս քաղաքացիները վաճառում են իրենց սեփականությունը, այդ թվում՝ բնակարանը: Այդպիսով ավելի է մեծանում այդ շուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամաչափությունը:

Սմբատ Գրիգորյան