Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի պարտքը շարունակում է աճել: Եթե նախորդ ամիս այդ թիվը չէր անցնում 120 մլն-ը, ապա այժմ համայնքային բյուջեի պարտքն աշխատողներին կազմում է ավելի քան 167 մլն դրամ:

Ողջ ամառն աշխատավարձի ու արձակուրդայինների սպասումով անցկացրին քաղաքի մանկապարտեզների, երաժշտական ու արվեստի դպրոցների, մարզադպրոցների, թանգարանների աշխատակիցները:

Ու թեեւ Վանաձորի քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին փորձում է հերթականությամբ վճարել կուտակված աշխատավարձի պարտքի գոնե մի մասը, ներկայումս որոշ կազմակերպությունենրում չեն ստացել վերջին երեք, իսկ որոշներում վերջին երկու ամիսների աշխատավարձը:

Օգոստոսի վերջին որոշ կազմակերպություններում ստացել են մայիս ամսվա աշխատավարձը: Աշխատակիցներն անորոշության մեջ են. տնօրենները չեն կարողանում հստակ ասել, թե երբ կստանան հաջորդող աշխատավարձերը: