«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին Հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել հուլիսի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:
ՀՔԾ հաղորդագրությունը բավական մեծ էր ու մանրամասն, բայց մեր ուշադրությունը գրավեց հատկապես հետեւյալ կտորը. «Քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձանց նկատմամբ: ՆՐանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ խոչընդոտելու համար, եւ նրանց նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ խոչընդոտելու համար, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց»:
«ՉԻ» տեղեկություններով՝ մեղադրանք առաջադրված 4 անձինք որեւէ առնչություն չունեն այդ օրվա դեպքերի, ավելի որոշակի՝ այդ օրը իրականացված խուլիգանությունների հետ: Գործը «կարելու» համար պարզապես գտնվել են մարդիկ, որոնք կարող էին ամեն ինչ վերցնել իրենց վրա:
Հիմա ՀՔԾ-ն կարող է հրապարակել մեղադրանք առաջադրված անձանց լուսանկարները, կամ էլ «02» հաղորդաշարը թող մի ծավալուն ռեպորտաժ «սարքի» մեղադրյալների մասին: Դրանից հետո բազմաթիվ հարցեր կառաջանան, որոնց անկեղծ պատասխանելու դեպքում՝ հասկանալի կդառնա, թե որն է այդ մարդկանց առնչությունն այդ դեպքերին:
Ի դեպ՝ այս պահին որեւէ մեղադրանք առաջադրված չէ ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի ու ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչ Գագիկի (մականունը՝ «Նասկի») նկատմամբ:
Մինդեռ այս մարդիկ ակտիվ մասնակցություն են ունեցել այդ օրվա դեպքերին: Անգամ հասցրել են, պատկերացնում եք, վիրավորվել: Խոսակցություններ կան, որ «Նասկին» լրագրողների կյանք է փորձել փրկել ու վիրավորվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























