Հյուսիսային Օսիայի դատարանը Բեսլանի մայրերին դատապարտել է տուգանքների եւ հասարակական աշխատանքների: Որոշումը վերաբերել է 5 կանանց, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին կազմակերպել 2004 թվականին Բեսլանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հոգեհանգստի արարողության ժամանակ: Եվս մի կին դատապարտվել է, որն այդ պահին եղել է բողոքող կանանց կողքին: Կանայք մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
Սվետլանա Մարգիեւային, Էլլա Կեսաեւային եւ Էմիլիա Բզարովային դատապարտել են 20-ժամյա հասարակական աշխատանքների, քանի որ նրանք չեն կարող տուգանքը վճարել, գրում է «Նոր թերթը»:
Էմմա Բետրոզովան եւ Ժաննա Ցիրիխովան տուգանվել են 20-հազարական ռուբլով: Բացի այդ, հասարակական աշխատանքների են դատապարտվել Ֆաթիմա Ցիրիխովան, թեեւ բողոքի ակցիային նա չի մասնակցել, միայն կանգնած է եղել Բետրոզովայի կողքին, երբ վերջինիս ձերբակալում էին:
Բեսլանի մայրերի բողոքի ակցիան տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, Բեսլանի ահաբեկչությունից 12 տարի անց: Կանայք եկել են իրենց զոհված զավակների հոգեհանգստին, որն անցկացվում էր Բեսլանի թիվ 1 դպրոցում: Նրանք հանել են վերնահագուստը եւ մնացել սեւ մարզաշապիկներով, որոնց վրա սպիտակով գրված է եղել. «Պուտինը՝ Բեսլանի դահիճ»:





























