Անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ, Արցախը Հայաստանին վերամիավորելու հիմք դնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ անկախության օրվա առթիվ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արցախյան պատերազմի մասնակից, վաստակավոր պարուսույց Գագիկ Գինոսյանը:
Նրա խոսքով, պետք է հեռանալ խնդրի լուծման դիվանագիտական մոտեցումից եւ վերադառնալ պատմական փաստերին: «Հայաստանի ամենաթույլ օղակը դիվանագիտությունն է: Մենք շարունակում ենք խաղը, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, բայց դա ոչ մի կերպ չի վերադարձնում Արցախը բանակցային սեղանի շուրջ: Բանակցությունների նստել մարդկանց հետ, որոնք կտրում են տարեց մարդկանց ականջները, արդեն դիվանագիտական պարտություն է»,-ընդգծել է Գինոսյանը: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է Արցախը Հայաստանին վերամիավորելու գործընթաց սկսել եւ Ղարաբաղը համարել Հայաստանի անբաժան մաս:




























