Երկուշաբթի` 2016-ի սեպտեմբերի 12-ը Հայաստանում ոչ աշխատանքային կլինի Խաչվերաց տոնի առիթով:
Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ որոշում է կայացվել ավանդույթի համաձայն, ոչ աշխատանքային հայտարարել Հայ առաքելական եկեղեցու Տաղավար հինգ տոներին հաջորդող օրերը, որպեսզի հավատացյալ քաղաքացիները կարողանան այցելել մահացածների շիրիմներին:
Հայ առաքելական եկեղեցին Խաչվերաց տոնն այս տարի տոնում է սեպտեմբերի 11-ին, ոչ աշխատանքային կհայտարարվի սեպտեմբերի 12-ը` երկուշաբթի: Փոխարենը աշխատանքային կլինի սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին պիտի մեկնարկեր ԱԺ հերթական նստաշրջանը. ամենայն հավանականությամբ, այն կհետաձգվի մեկ օրով:




























