«Բանդայի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված եւ սեպտեմբերի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոցից» ազատ արձակված Քյարամ Ամոյանի առողջական վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա մայրը՝ տիկին Կարինեն: Նա նշեց, որ Քյարամ Ամոյանն այս պահին տանն է, սակայն, անգամ ընտանիքի անդամների հետ չի կարողանում շփվել՝ անընդհատ պառկած է եւ չի կարողանում խոսել: Տիկին Կարինեի խոսքով՝ Քյարամին շուտով կհոսպիտալացնեն եւ նա վիրահատության կենթարկվի:

Հիշեցնենք, որ Քյարամ Ամոյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել անցած տարվա նոյեմբերի 19-ին: Նա կալանքի տակ էր 2011թ. սեպտեմբերից:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:

Քյարամ Ամոյանի մասն առանձնացվել էր՝ հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները: