ԲՀԿ-ն «Նաիրիտ» գործարանի հետ կապված օրինագիծ է մշակել ու դրել շրջանառության մեջ:

ԲՀԿ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ԲՀԿ խմբակցությունը ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, շրջառանության մեջ է դրել օրենքի երկու նախագիծ։ Առաջինը նախագիծը՝ ««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին», որով առաջարկվում են «Նաիրիտի» վերագործարկման եւ կենսունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներ. մասնավորապես, Նաիրիտի գույքային համալիրի ամբողջականության պահպանում, հիմնական միջոցների օտարման բացառում, ինչպես նաեւ՝ համապատասխան հարկային  արտոնությունների սահմանում՝ «Նաիրիտը» հայտարարելով արդյունաբերական գոտի։

ԲՀԿ-ի կողմից այսօր շրջանառության մեջ դրված երկրորդ նախագիծը՝ «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» նախագիծն է, ըստ որի՝ նախատեսվում է Գյումրի քաղաքում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման գործուն մեխանիզմների ներդրում։