Մի շարք ոլորտներում, որտեղ արձանագրվել է տնտեսական աճի տեմպի նվազում, մենք ուսումնասիրում ենք այդ հատվածը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էնոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, պատճառներից մեկը կապված է արձակուրդների հետ. այդ ընկերություններից հայտնել են, որ իրենք աշխատողներին արձակուրդ են ուղարկել, ունեցել են արտադրական պաշար, արտադրության ծավալ չեն ավելացրել, բայց արտահանման ծավալներն են մեծացրել:
«Երկրորդ պատճառը եղել է Լարսի անցակետի փակ լինելը, որը խոչընդոտել է ավելի մեծ ծավալների իրացումը կազմակերպելու համար: Մի շարք դեպքերում ընկերությունները, օրինակ խմիչքների արտադրության ոլորտում, միջոցների խնայողություն են արել, որպեսզի կարողանան այս տարի նոր մթերում իրականացնել»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով տնտեսական աճի հնարվորությանը, Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց. «Առաջիկայում մենք մեր կանխատեսումը կանենք եւ կհրապարակենք. ես հակված չեմ այսօր միայն աճի վրա հիմնված գնահատականներին արձագանքել: Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի հիմնարար փոփոխություններ են կատարվում, որպեսզի միջինժամկետ ու երկարաժամկետ առումով Հայաստանն ունենա շատ ավելի կայուն երկարաժամկետ երկնիշ տնտեսական աճեր: Սա ավելի կարեւոր է, քան 1-2-3 տոկոսային կետերով աճերը»:





























