Հայ- թուրքական սահմանն այս տարվա մայիսին հատած՝ Պակիստանի քաղաքացի Աբրար Զաֆարը նախաքննական մարմին պատմել է, որ ինքը Թուրքիա էր գնացել աշխատելու նպատակով, սակայն խնդիրներ է ունեցել եւ փորձել է փախչել, ինչի հետեւանքով էլ Հայաստանում է հայտնվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Զաֆարի պաշտպան Արամ Ղազարյանը:

«Իմ պաշտպանյալը ներկայացել է որպես Պակիստանի քաղաքացի, սակայն նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել, Հայաստանի իրավապահներին նույնպես չի հաջողվել այդ փաստաթղթերը ձեռք բերել: Զաֆարի պատմելով՝ իր փաստաթղթերը Պակիստանում են մնացել: Զաֆարը պատմել է, որ ինքը Թուրքիա էր գնացել աշխատելու համար: Այնտեղ խնդիրներ է ունեցել, հետո սահմանապահներն իր վրա կրակել են, ինքը փախել է ոստիկանների կամ զինվորականների մոտ հայտնվելու նպատակով եւ այսպես հայտնվել է Հայաստանում: Իր պատմելով՝ պատահական է Հայաստանում հայտնվել»,- ասաց փաստաբանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աբրար Զաֆարը Հայաստանին սահմանամերձ Թուրքիայի տարածքից 2016 թվականի մայիսի 14-ին հասել է հայ-թուրքական պետական սահման: Առանց պատշաճ թույլտվության՝ նա ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որից հետո հաղթահարելով ինժեներատեխնիկական առգելքներն ու էլեկտրոնային ազդանշանային համալիրը՝ շարժվել Արարատի մարզի Արաքսավան գյուղի ուղղությամբ: Նույն օրը ժամը 13:00-ին Աբրար Զաֆարը հայտնաբերվել է էլեկտրոնային ազդանշանային համալիրից 400 մետր հեռավորության վրա եւ ձերբակալվել է:

Զաֆարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: Նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Ավելի վաղ ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախնական հարցաքննության ժամանակ Զաֆարը պարզաբանել էր, որ Պակիստանի քաղաքացի է, 1998-ին ծնված ու մտադիր էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա: