Հանքավանում 2015թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած եռակի սպանության գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Գործով մեղադրայլ Հայրապետ Սեփոյանի մասով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին:
Նշենք, որ եռակի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը: Նա նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջորդին է:
Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։
Կատարվածի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանների, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչիս սկսվել է վեճը։ Սեփոյանների հարազատները պնդում են, որ որդին տեղեկացել է, որ հորը ծեծի են ենթարկել ու գնացել է հորը պաշտպանելու, ինչի ժամանակ էլ կրակելով սպանել է եղբայրներին եւ նրանց ընկերոջը։ Գալստյանները վստահեցնում են, որ ծեծ չի եղել։ Վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:
Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։





























