Արցախում հունիսի 24-ին ծանր վիրավորված Ալբերտ Դալլաքյանի մայրը 3 շաբաթ առաջ նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին, բայց առ այսօր որեւէ պաշտոնական պատասխան չի ստացել: Տիկին Արմինեն օրերս կրկին նախարարություն է զանգել՝ ճշտելու համար, թե նամակի պատասխանը երբ է ստանալու: Կնոջը հորդորել են հասցե տալ, որին կուղարկեն պատասխանը՝ մոռանալով կարծես, որ Դալլաքյանները ընտանիքը Ռուսաստանում է ապրում եւ Ալբերտի վիրավորվելուց հետո են վերադարձել եւ այստեղ մշտական բնակության տեղ չունեն: Սեպտեմբերի 2-ին տիկին Արմինեին հրավիրել են նախարարություն եւ խոստացել իրեն հուզող հարցերին պատասխան տալ:
«Հեռավոր բարեկամի տանն ենք ապրում, հաջորդ շաբաթ պիտի ստիպված վարձով բնակարան տեղափոխվենք... օդանավակայանից միանգամից հոսպիտալ ենք եկել ու երկու ամիս է՝ ուշքի չեմ գալիս, չեմ հասկանում՝ հետագայում ինչ պիտի անենք: Առողջ մարզիկ տղայիս բանակ եմ ուղարկել, հիմա հաշմանդամ է դարձել: Պատճառն այն է, որ սպան կրակել է, չեմ հասկանում՝ ինչ սպա է, որ զինվորի ուղղությամբ պահում եւ կրակում է: Մինչեւ օրս այդ սպան չի եկել, չի հետաքրքրվել՝ տղաս ինչ վիճակում է»,- ասում է տիկին Արմինեն:
Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորում է ստացել Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Տիկին Արմինեի համար տեղի ունեցածը պարզապես անհասկանալի է:

«Ինչպե՞ս կարող է սպան ուրիշի զենքը վերցնել, խաղալ ու կրակել: 2 ամիս է անցել, բայց մենք այդպես էլ ոչինչ չենք կարողանում հստակ իմանալ: Այդ սպան էլ ազատության մեջ է, կարծես ոչինչ չի եղել, ամեն ինչ նորմալ է: Մոռացել է երեւի, որ տղայիս հաշմանդամ է դարձրել»,- նշում է վիրավոր զինծառայողի մայրը:

Ալբերտն այսօրվանից արդեն Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում է. մարմնի աջ հատվածը թույլ է, քայլելիս դժվարանում է, հիշողության կորուստ ունի, գրեթե չի խոսում: Ծնողներին, սակայն, ամենաշատը տեսողական խնդիրներն են անհանգստացնում. աջ աչքը գրեթե չի տեսնում, բժիշկներն էլ իրենց հերթին երաշխիք չեն տալիս, որ տեսողությունը կարող է վերականգնվել: Թե ինչ պիտի արվի տեսողության վերականգնման համար, Ալբերտի ծնողները չգիտեն. «Հոսպիտալի բժիշկներից շատ գոհ ենք, անհնարինն են արել: Բժշկական համալսարանից ուսանողներ էին գալիս, բոլորից շատ շնորհակալ ենք, հատկապես Անի Մանուկյան անունով լոգոպեդից»:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ավագ Նահապետյանին:

Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: