Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ուշագրավ ընտրություններ են սպասվում։ ՀՀԿ–ական թեկնածուն պայքարելու է հարազատ կուսակցությունից առաջադրված թեկնածուի դեմ։ Այստեղ առաջադրվել է երեք հոգի՝ ՀՀԿ–ական Մխիթար Վարագյանը, որը Արթիկի նախկին քաղաքապետի եղբայրն է, պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մուշեղ Պետոյանը, որին սատարելու է ՀՀԿ–ն եւ Արայիկ Թանայանը, որը գործող քաղաքապետի օգնականն է: Մխիթար Վարագյանը եւ Մուշեղ Պետոյանը այս տարածքում միմյանց դեպ պայքարում են դեռեւս նախկին  ՏԻՄ  եւ խորհրդարանական ընտրություններից։ 

Օրերս ԲՀԿ ղեկավարը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել էր, որ  Մխիթար Վարագյանին իրենց կողմից առաջադրելու քննարկումներ կուսակցությունում եղել են, բայց նրան սատարելու որոշում, փաստորեն, չի ընդունվել եւ չնայած դրան՝ Մխիթար Վարագյանը որոշել է իր հայրենի կուսակցության թեկնածուի դեմ պայքարել։  

Թե ինչու է մարզային խորհուրդը որոշել առաջադրել ոչ թե իրենց կուսակցին, այլ նախկին ԲՀԿ–ականին, ՀՀԿ Արթիկի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Շահբազյանն ասաց՝ մարզային խորհրդի նիստում է որոշում կայացվել պաշտպանել անկուսակցական թեկնածուին։

«Այսինքն, կուսակցությունը իրավունք ունի եւ առաջադրելու կուսակցության ներկայացուցչին, եւ պաշտպանելու այլ թեկնածուին»։

Նշեց՝ ընթացքը ցույց կտա, կուսակցությունը երկուսից որ մեկի օգտին կաշխատի։

Դիտարկմանը, թե դեռ որոշված չէ՞, ում օգտին են քվե ապահովելու, ասաց. «Խորհրդի նիստում առաջադրվել է Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, մնացած հարցերը կերեւան ընտրությունների ժամանակ։ Սովորաբար համապետական ընտրություններին քաղաքական առումով նույն կուսակցությունը նույն կուսակցության համար պայքարում է, իսկ եթե վերցնում ես անհատական պայքարի ժամանակ, տվյալ ժամանակահատվածում երկու կողմից էլ կա բարեկամություններ եւ ինչքան էլ ուզենանք  դեմոկրատիկ սկզբունքներով հանդես գանք, իրենք իրենց ձայնը տանում են»։

Ի դեպ, Արթիկից տեղեկություններ ստացանք, որ ՀՀԿ մարզային խորհուրդը Մուշեղ Պեոտոյանին սատարելու որոշումը կայացրել է առանց նիստ հրավիրելու։ Շահբազյանն ասաց, որ երբ քննարկել են Պետոյանին սատարելու հարցը, Մխիթար Վարագյանի առաջադրվելու մասին խոսք չի եղել։