Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանի արտերկրում բուժման համար փաստաթղթերն ուղարկվել են Առողջապահության նախարարություն: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության՝ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ստացել է զուգակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ ապրիլի 5-ին տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում, պարանոցային ողերի կոտրվածքներ, ստորին ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ձախ նախաբազկի հրազենային բեկորային միջանցիկ վիրավորում, ճաճանչոսկրի կոտրվածք:
Հոսպիտալում կազմակերպված բուժման ընթացքում կատարվել են բազմաթիվ բարդ վիրահատություններ`պարանոցային եւ կրծքային ողերի դեկոմպրեսիվ լամինէկտոմիա, մետաղական օտար մարմնի հետացում, ստորին ծնոտի եւ ճաճանչոսկրի օստեոսինթեզ:
Օգոստոսի 19-ին Ա. Զարգարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ներկա պահին Ա. Զարգարյանի մոտ առկա է խորը տետրապարեզ եւ կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում: Շնչառությունն ինքնուրույն է` տրախեոստոմիկ խողովակով:
Բուժման եւ կինեզոթերապիայի ընթացքում Ա. Զարգարյանի մոտ գրանցվել է դրական առաջընթաց:
Բուժմանը զուգընթաց միջոցներ են ձեռնարկվել նաեւ Ա. Զարգարյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ, կատարվել են համապատասխան հարցումներ վերականգնողական բուժման ձեւերի, ժամկետների եւ բուժման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ: Արդյունքում` Հունաստանում գործող «Էվեքսիա» վերականգնողական կլինիկայի կողմից ստացվել է Ա. Զարգարյանի վերականգնողական բուժման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, ինչը պահանջվող այլ փաստաթղթերի փաթեթով ս.թ. օգոստոսի 23-ին ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն` ՀՀ կառավարության 21.04.206թ. N 410-Ն որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով արտերկրում վերականգնողական բուժման հնարավորությունները քննարկելու համար:
Ա. Զարգարյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաեւ «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպության կողմից: Հիմնադրամի ներկայացուցիչները 30.08.2016թ. հանդիպել են Ա. Զարգարյանին եւ նրա ծնողներին`առաջարկելով վերականգնողական բուժումը հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել Հնդկաստանի «Արտեմիս» հոսպիտալում:
ՊՆ ռազմաբժշկական վարչության ներկայացուցիչները ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում հանդիպել են Ա. Զարգարյանի ծնողների հետ, նրանց տրվել է հստակ տեղեկատվություն արտերկրում վերականգնողական բուժումը կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մարտերի ընթացքում գնդակը մտել էր Ավետիսի ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ նրան Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը եւ դուրս գալ կրիտիկական վիճակից: Այս ամիսների ընթացքում Ավետիսը, սակայն, գամված է անկողնում, շշուկով է խոսում: Օրերս միայն Ավետիսը տեղափոխվել է հիվանդասենյակ:
Ավետիսի մայրը նամակով դիմել էր պաշտպանության նախարարին՝ խնդրելով լուծել որդուն արտասահման տեղափոխելու հարցը:
Նշենք, որ քառօրյա պատերազմից օրեր անց Հայաստանի Կառավարությունը որոշում կայացրեց, որ այն վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարողանա Հայաստանում պատշաճ օգնություն տրամադրել, բուժման կուղարկվեն արտասահման բյուջետային միջոցներով: 5 ամիս է անցել, սակայն ոչ մի զինծառայողի դեռեւս արտասահման չեն ուղարկել, թեեւ այնտեղ բուժվելու կարիք մասնավորապես մի քանի զինծառայող ունեն:




























