Եթե ջերմաստիճանը բարձրանա 1 աստիճանով, Սեւանա լճի ակտիվ ջրատվությունը, որը 250 միլիոն խմ է, կնվազի 70 միլիոն խմ-ով, եթե 2 աստիճանով բարձրանա՝ կնվազի 140 միլիոն խ/մ-ով. դա համարժեք է մեր ամբողջ տարվա ոռոգման բաց թողած ջրի քանակին: Այս մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում հայտնել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Համլետ Մելքոնյանը Կլիմայի փոփոխության Հայաստանի հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ) պատրաստման վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանում արդեն իսկ ջերմաստիճանը 1.22 աստիճան Ցելսիուսով բարձր է նորմայից 1961-90 թթ. միջինից: «Մենք կանխատեսում ենք, որ մինչեւ 2030 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 1.1 աստիճան Ցելսիուսով, իսկ մինչեւ 2050-70 թվականները՝ 2.5 աստիճան Ցելսիուսով: Ըստ մեր գնահատականների՝ 2100 թվականին ջերմաստիճանը մեր տարածքում կբարձրանա շուրջ 5 աստիճան Ցելսիուսով», - ասաց Համլետ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ երկրագնդի գլոբալ տաքացումը կանխելու նպատակով 2015թ-ի վերջին Փարիզում ընդունվեց նոր համաձայնագիր, որով որոշվեց զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով 1.5 աստիճանի:





























