Ծնողները պետք է փորձեն հասկանալ երեխայի անձնական հետաքրքրությունները եւ միայն դրանից հետո ուղղորդել նրան համապատասխան մասնագիտություն ընտրելու հարցում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով, երեխային պետք չէ համոզել: Հոգեբանի համոզմամբ, երեխան կարող է անուղղակիորեն այս կամ այն աշխատանքային գործընթացի մասնակից դառնալ: «Երեխան պետք է գիտակցված ընտրություն կատարի: Եթե մարդը չունի սիրելի զբաղմունք, դա կարող է դժբախտության հանգեցնել»,-ընդգծել է Լիլիթ Խաչատրյանը:
Սկսած 15 տարեկանից, ըստ հոգեբանի, երեխայի հետ պետք է արդեն համապատասխան աշխատանքներ տանել: «Պետք է տեղեկատվություն տրամադրել ինչպես մասնագիտությունների, այնպես էլ այս կամ այն մասնագիտության նկատմամբ երեխայի առանձնահատկությունների համապատասխանության մասին»,-հավելել է Խաչատրյանը:





























