«Քիմլաբ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Թագեսյանը մեղադրվում է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու մեջ, ինչի հետեւանքով աշխատակցին պատճառվել է միջին ծանրության վնաս: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ քիմիական նյութերի տարբեր լաբորատոր պարագաների վաճառքով զբաղվող «Քիմլաբ» ՍՊԸ-ի տնօրեն եւ խանութ-սրահում աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ Էդգար Թագեսյանը խախտել է Տեխնիկական կանոնակարգի եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, ինչի հետեւանքով ընկերության աշխատակից Գագիկ Բլրցյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս:
Էդգար Թագեսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:





























