Մինչեւ  2016 թվականի վերջ Երեւան-1 ՀԷԿ-ում նախատեսված է ավարտել վերանորոգման աշխատանքները: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ը կառավարող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արսեն Գրիգորյանը:   

«Մինչեւ վերանորոգումը, մեր կայանում 22,5-ական ՄՎտ հզորությամբ    2 ագրեգատ կար, որոնցից մեկն անսարք էր: Այժմ մենք   եվրոպական երկու նոր` ամենաժամանակակից ագրեգատ ենք տեղադրել, որոնցից յուրաքանչյուրը  24 ՄՎտ հզորություն ունի», - նշել է Գրիգորյանը:  

Նշենք, Երեւան-1 կայանը սպասարկում է մայրաքաղաքի կենտրոնին, ինչպես նաեւ մետրոյին: Նրա վերանորոգման աշխատանքները Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ի 66 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրում հիմնականներից մեկն են դարձել, դրանից    50 մլն դոլարը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Զարգաcման ասիական բանակի վարկերն են (25-ական մլն): Վարկային ծրագրերի երաշխավորը . «ՄԷՀ» ՓԲԸ-ի մայր ձեռնարկություն հանդիսացող ռուսաստանյան «ՌուսՀիդրո»-ն է:

«Ուզում ենք երկու ագրեգատն էլ սպասարկման դնել մինչեւ տարեվերջ: Գուցե մնա տարածքների վերանորոգման աշխատանքը: Բայց, այսպես ասած, լամպը կվառվի: Իսկ մնացածը հետո կավարտենք, չենք դանդաղի», - հայտնել է Գրիգորյանը:

Կայանի վերանորոգման համար ընկերությունն արդեն նոր ենթակայան է կառուցել, որն այժմ արդեն գործում է, ինչպես նաեւ վերանորոգել եւ մաքրել է ջրամբարը: 

Սեւան-Հրազդան կասկադը կազմված է 7 ՀԷԿ-ից ընդհանուր հաստատված  565 ՄՎտ հզորությամբ: Կայանները կառուցվել են 1930-65 թվականներին: 2015 թվականին կասկադն արտադրում էր Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ  7 տոկոսը: