Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ինտրիգը Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորած թեկնածուն է, մնացած ուժերի թեկնածուները ստանդարտի մեջ են: NEWS.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է Գյումրիի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը: Նա Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող միակ կին թեկնածուն է:
«Գյումրիում հրաշալի օրիգինալ տարբերակ ենք գտել։ Դա նորամուծություն էր մեր դաշտում, որ թերթի կին խմբագիրը, որն ընդունելի, հարգված կերպար է, գլխավորում է ցուցակը: Կարծում եմ` Գյումրիի ընտրությունների ինտրիգը Կոնգրեսի թեկնածուն է. մնացածները ստանդարտի մեջ են: Նա հրապարակում է թերթ, որը 2500 օրինակով վաճառվում է, ինչը անգամ Երեւանում եզակի բան է, իսկ աղքատ Գյումրիում, որ այդ քանակով թերթը վաճառվում է, դա նշանակում է, որ նա վստահելի, հարգված, ընդունված մարդ է: Նա մրցունակ, հավասարակշռված ու տրամաբանված խոսքով թեկնածու է»,-ասաց Արամ Մանուկյանը:
Հարցին, թե ինչն էր պատճառը, որ ընդդիմադիր ուժերը այդպես էլ չկարողացան դաշինքով ներկայանալ ընտրողին, ինչը իշխանությանը հաղթելու հավանական ճանապարհ էր համարվում, Մանուկյանն ասաց, որ Կոնգրեսն ամեն ինչ արել է, որպեսզի դաշինք ձեւավորվի. «Պարզ ճշմարտություն է` դաշինքով ավելի ուժեղ ես, ժողովուրդը կուսակցական համախմբումներին ավելին է հակված: Սա գիտակցելով արել ենք հնարավորինս, որ դաշինք լինի: Բանակցել, հանդիպել, իրենց դուռն ենք գնացել, որեւէ մեկը չի կարող մեղադրել Հայ ազգային կոնգրեսին, որ աշխատանքներ չի տարել համախմբված ցուցակներով հանդես գալու համար։ Երբեմն կուլ ենք տվել մեր ամբիցիաները՝ ասելով, որ կարող եք դուք գլխավորել ցուցակը, ոչ թե մեր ներկայացուցիչը, բայց եղավ` ինչ եղավ, շատ մանրամասներ չեմ ուզում բացել»:
Նշենք, որ Գյումրիում ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Դաշինքով են հանդես գալու իշխող ՀՀԿ-ն եւ Խոսրով Հարությունյանի կուսակցությունը:





























