Վերանորոգվել է Սեւան-Հրազդան կասկադի դերիվացիոն ջրանցքի վտանգավոր հատվածը, որը գտնվում է Գեղամավան գյուղի մոտ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասել է Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-ի կառավարիչ «Միջազգային էներգետիկ ընկերություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը, աշխատանքը կատարվել է կասկադի վերազինման 66 մլն դոլարի ներդրումային ծրագրի շրջանակում:

Նախկինում դեպքեր են եղել, երբ ջրանցքի մեջ անասուն է ընկել, այնտեղ նաեւ մի կին է ջրահեղձ եղել՝ կամրջից ընկնելով: Այդպիսի դեպքերը ապագայում բացառելու համար, ջրանցքի երկայնքով արգելափակոց է կառուցվել, իսկ դրա վրայով երկու կամուրջ է կառուցվել՝ մարդկանց եւ կենդանիների համար: Վերանորոգվել են նաեւ ջրանցքի պատերը, իսկ հունը աղբից մաքրվել է, որն այնտեղ էին թափում գյուղացիները:

Այդ հատվածն այժմ լավ վիճակում է, բայց դա կասկադի 65 կմ երկարության բացատար ջրանցքի եւ թունելների միայն 2,5 կմ հատվածն է, որոնք բավական հին են, պարզաբանում է Գրիգորյանը:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել են նաեւ Արզնիի մոտ՝ կասկադի կայաններից մեկից ոչ հեռու գտնվող ջրատարները, որոնք վաղուց նորոգման կարիք ունեին եւ հաճախ ջուր էին բաց թողնում, որն էլ հոսում էր մոտակա տների ուղղությամբ:

Սեւանի, Հրազդանի եւ Արգելի ՀԷԿ-երում փոխվել են մարտկոցները, իսկ Սեւանի եւ Արգելի ՀԷԿ-երում՝ նաեւ գեներատորները:

Սեւանի ՀԷԿ-ում աշխատանքի սխեման այնպես է փոխվել, որ գեներատորները չորացման կարիք չունենան, ինչը թույլ կտա դրանց գործարկման ժամանակ մի քանի օր խնայել:

Վերջապես լիովին փոխվել են Երեւան-1 ՀԷԿ-ի ագրեգատները, որը սնուցում է Երեւանի կենտրոնը: Ագրեգատների փոփոխության անհրաժեշտություն կա նաեւ Քանաքեռ ՀԷԿ-ում, սակայն դրա համար դեռեւս գումար չի գտնվել, պարազաբանում է Գրիգորյանը: Ճիշտ է, բանկերը պատրաստ են կրկին վարկավորել՝ հաշվի առնելով էլեկտրակայանների կողմից վերադարձելիության հուսալիությունը (ցանցին էլեկտրաէներգիայի վաճառքի դրանց պլանային ծավալները):

Այդուհանդերձ, նոր վարկ վերցնելու համար անհրաժեշտ է նախ մայր ընկերության՝ «ՌուսՀիդրո» ԲԲԸ համաձայնությունը ստանալ, որը նախորդ երկու խոշոր վարկերը վերցնելիս երաշխավոր է եղել, ապա շուկայի կարգավորողի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, որը պետք է որոշի՝ արդյոք հիմնավորվա՞ծ են ծախսերը եւ դրանք ներառի էլեկտրականության սակագնի մեջ:

Հիշեցնենք, որ Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի արդիականացման ներդրումային ծրագիրը հաստատվել է 2013 թվականին: Ծրագրի 66 մլն դոլար ընդհանուր ծավալից 50 մլն դոլարը կազմել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Զարգացման ասիական բանկից ստացված վարկերը (25-ական մլն դոլար): Ներդրումային ծրագրի երաշխավորը «ՌուսՀիդրո» ԲԲԸ  ռուսական հիդրոէներգետիկ կոնցեռն է:

Սեւան-Հրազդան կասկադը կազմված է 7 ՀԷԿ-ից՝ 565 մՎտ ընդհանուր հզորությամբ: Կայանները կառուցվել են 1930-65 թվականներին: 2015 թվականին կասկադն արտադրել է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի գրեթե 7 տոկոսը: