Իրանի ու Ադրբեջանի միջեւ բազմաշերտ հարաբերություններ են, որոնցում բավականին շատ են հակասությունները: Այս մասին NEWS.am թղթակցին ասել է հայտնի արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Նրա կարծիքով Իրանը տարաձայնությունները միայն Ադրբեջանի ռեժիմի հետ չեն, կան նաեւ այլ գործոններ, որոնք թույլ չեն տալիս Իրանին միանշանակ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ: Այդուհանդերձ, օգոստոսի 8-ին Բաքվում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ըստ արեւելագետի, բխում էր Իրանի ու Ադրբեջանի տնտեսական շահերից: «Չեմ կարծում, թե դա կապակցված է Հայաստանի վարած քաղաքականության հաջողության կամ ձախողման հետ: Հայաստանից այս հարցում ոչինչ կախված չէ»,- նշել է Գառնիկ Ասատրյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով իրանական գազի մատարակարումների մասին հնարավոր պայմանավորվածություններին, պրոֆեսորը նշեց.«Ես կարծում եմ, որ դրանք միայն խոսակցություններ են, չեմ կարծում, թե այս առթիվ որեւէ վերջնական փաստաթուղթ կստորագրվի »:
Հայաստանի տարածքը, շեշտեց Գառնիկ Ասատրյանը, այդքան էլ հարմար չէ տարանցիկ երկիր դառնալու համար: «Չկան համապատասխան ճանապարհներ: Ի՞նչ է, Իրանը պետք է սպասի մինչեւ Հայաստանը իր համար ճանաապարհնե՞ր կառուցի: Մինչեւ Հայաստանում համապատասխան երկաթգծային ճանապարհնե՞ր լինեն: Այդպես չի կարող լինել: Յուրաքանչյուր երկիր իր շահերը ունի, որքան էլ որ բարյացակամ չլինեն եկրների միջեւ հարաբերությունները: Իսկ Ադրբեջանը շատ մոտ է տրանսպորտային ու երկաթգծային հանգույցներին, դա չի կարելի հերքել»:





























