Քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան 29-ամյակին Արմավիրի մարզի Ապագա գյուղում բացվել է նրա անվան պուրակ եւ հուշաքար: NEWS.am-ի հետ զրույցում հերոսի կինը` Մարիամը, նշում է, որ խաչքարի բացումը կատարել են իրենց երկու որդիները` 3-ամյա Էրիկը եւ 4-ամյա Գեղամը. «Այդ պուրակը մեզ համար սրբատեղի է դարձել, գնում ենք այնտեղ` Հովսեփի հետ լինելու համար»:
Մարիամը նշում է` հպարտ է Հովսեփի նման ամուսին ունենալու համար, սակայն, կորստի ցավն այնքան մեծ է, որ հաճախ է ծածկում այդ հպարտությունը: Մարիամն այժմ ամեն ինչ անում է Հովսեփի` որդիների հետ կապված նպատակներն իրականություն դարձնելու համար:
«Երկուսով շատ նպատակներ ունեինք մեր որդիների հետ կապված: Ես հիմա ապրում եմ իմ որդիների համար, մեծ ցավը սրտումս ամեն ինչ անելու եմ, որ Հովսեփի նպատակներն իրականություն դարձնեմ»,-ասում է նա:
Հուշաքարի վրա է գրված են կապիտան Հովսեփի վերջին խոսքերն ուղղված իր 25 զինվորներին` «Տղե՛րք, ես լավ եմ, դուք կռվեք», հուշաքարի կողքին էլ դրված է այն եռագույնը, որով փակել են հերոսի դին:
Հովսեփը Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ էր. կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ բնակվում էր Արցախում:
Նա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հարձակման պահին, եղել է տանը. կնոջը միայն հասցրել է ասել` երեխաներին վերցրու եւ նկուղում թաքնվեք, իսկ ինքն այդ ճակատագրական պահին օգնության է շտապել իր 25 զինվորներին:
Հովսեփը վստահ է եղել, որ իր կինն ուժեղ է եւ կկարողանա փրկել երեխաների կյանքը` ասել է ուժեղ ես եւ կարող ես այդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:
Հովսեփ Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետեւ մեկնել Մարտակերտ` ծառայության:
.png)
.png)





























