Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել խանդի հողի վրա իր մանկության ընկերոջ տան վրա կրակոցներ արձակած 51-ամյա Գառնիկին եւ դատապարտել 8 ամսվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գառնիկի ընկերը, որը նաեւ նրա հարեւանն է, հաճախ է այցելել նրա տուն եւ լավ հարաբերությունների մեջ գտնվել Գառնիկի եւ նրա կնոջ հետ: Սակայն, 2014 թվականի դեկտեմբերին Գառնիկը նկատել է, որ իր կինը հաճախ է իրենից թաքուն հեռախոսով խոսում իր մանկության ընկերոջ հետ: Ավելի ուշ պարզել է, որ կնոջ ու ընկերոջ միջեւ շուրջ երկու ամիս անընդհատ հեռախոսազանգեր են եղել: Գառնիկին կինն ու ընկերը վստահեցրել են, որ դրանք ընդամենը հեռախոսազանգեր են եւ իրենց միջեւ ոչինչ չի եղել: Սակայն, Գառնիկի եւ կնոջ միջեւ հարաբերությունները լարվել են եւ մի օր էլ կինը հայտարարել է, թե նրա ընկերն իրեն բռնաբարել է: Այդ օրը Գառնիկը վերցնելով իր որսորդական հրացանը` գնացել եւ կրակել է ընկերոջ ննջասենյակի ուղղությամբ` վնասելով նրա տան գույքը:
Դատարանը հաշվի է առել, որ Գառնիկն ինքնակամ ներկայացել է դատարան եւ իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում, նրա գործն արագացված կարգով է քննել եւ նրան դատապարտել 8 ամիս 29 օր ազատազրկման:


























