Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում սեպտեմբերի 4-ին, տներից մեկում հրդեհը բռնկվել է հոսանքալարերի անսարքության հետեւանքով:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ տունը որտեղ հրդեհը բռնկվել է, բնակելի չէ, սակայն, հարեւան տան հոսանքալարերն անցնում են այդ տան տանիքի վրայով եւ ուժեղ  քամու ժամանակ էլ հենց հրդեհը բռնկվել է:

«Այս պահին դեռ փրկարարներն այստեղ են, ուզում են հասկանալ` ինչն է հրդեհի պատճառը: Նախնական տվյալներով հոսանքալարերի անսարքության հետեանք է: Տունը բնակելի չէ, եւ միանգամից հրդեհ է բռնկվել փայտերից: Շատ չի տուժել տունը, բայց այժմ աշխատում ենք, որ նման դեպք չկրկնվի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում սեպտեմբերի 4-ին, տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 01.19-ին:

Այրվել է Հ. Հ.-ի տան շքամուտքի փայտյա եւ ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):