«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից նամակ է գրել, որով կոչ է արել հայ երիտասարդությանը շարունակել «Սասնա ծռեր» խմբի սկսած պայքարը:

«Սիրելի՛ հայորդի, հուլիսի 17-ին Սասնա Ծռերը որպես Թուր Կեծակի մխրճվեցին Մհերի դռան մեջ, կտրեցին դարավոր սղնիները եւ ցնցեցին ողջ Ագռավաքարը: Իսկ թե ինչու՞ մենք ընտրեցինք սղնիները եւ ոչ փականքը, քանզի մինչ այդ ով գնացել էր փականքը բանալու խճճվել էր հանգույցի մեջ եւ այդպես էլ ետ չէր վերադարձել: Եվ երբ արեւի բարակ շողը ճեղքելով ներս ընկավ Մհերի դռնեն ներս, նկատեցին, որ տեր-Արմեն քահանաները եւ որպես Մհերի խոյ խոյահարում են Մհերի դռանը Ագռավաքարի ներսից :

Սիրելի՛ իմ հայորդի, դարերով մեզ խաբել են. «երբ որ բացվին դռներն հուսո»… Այդ դռներն այդպես էլ չեն բացվել, մինչեւ դու ինքդ չբանաս քո հուսո դուռը, քո Մհերի դուռը: Քիչ է մնում՝ դուրս քաշել Մհերի դռան մեջ մխրճված հուրհրան Թուր Կեծակին, այն է՝ համախմբվել, ինքնակազմակերպվել եւ քո քաջակորով ուռա՜- ով ողողել ողջ քաղաքամայր Երեւանը, եւ քո որոտընդոստ ձայնից եւ կուռ շարքերից, ուժի ամբողջ լարումից կարող ես միայն դուրս հանել այդ սրբազան սուրը, որից հետո Մհերի դուռը եւ Մհերը Ագռավաքարից դուրս կգա, այն է՝ համասփյուռ հայությունը տուն կգա: Այնժամ է, որ մեր գրկախառնություններից, մեր լալ ու խնդալուց մեր ցորենը պիտի դառնա «քանց մասուր», իսկ մասուրը՝ «քանց ընկույզ»:

Իսկ այն Ցռան Վերգոները, որոնք կառաջնորդեն լռել կամ ընտրել փականքը, գնալով նրանք կամ մանկամիտ են, կամ՝ տկարամիտ, կամ էլ՝ ՀՀԿ-ի գորտնուկ կազմակերպությունը:

Օ՜ն, ուրեմն, առա՜ջ, քաջորդի՛, «Հայաստան» վանկարկելով դեպի սրբազան սուրը, ճանապարհից սրբելով ու դեն նետելով այս անգլուխ ձիավորների երամակին, այս չարիքի իշխանությանը, ձերբազատվելով այս քսանհինգամյա տարերային աղետից:

Ահա՛ այն գիտակցությունը, որ այսօր քո թունդ առած կրծքի տակ ավելի պինդ պիտի լինի, քանզի սա է գիտությունների արքան: Բոլոր գիտությունները սրանով են ծառայում եւ սրա ձեռքից են ջուր խմում:

Օ՜ն, դեպի սրբազան Թուրը Կեծակի»,-գրված է նամակում: