Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի շուրջ 100 խաղողագործ անցած տարի մթերած խաղողի դիմաց գումարը դեռ չի ստացել: Քաղցրաշենցիներից Սաշիկ Հակոբյանն այսօր` սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ գյուղացիներ դեռ նախորդ տարվա վարկը չփակած, այս տարի էլ ուրիշներից պարտքով գումար են վերցրել եւ մշակել խաղողի այգիները:

«Ամեն օր էլի խաբում են, չեն տալիս գումարը: Սպասում ենք, որ այս տարվա խաղողի մթերման սեզոնը գա ու միանգամից տեսնենք` ինչ քայլեր կձեռնարկենք: Ժողովրդի վիճակը շատ վատ է, մի կերպ պարտքով կարողացել են այս տարվա բերքը ստանալ, բայց հիմա մտավախություն կա, որ եթե ավելի վատ չլինի, հաստատ անցած տարվա պատմությունն է կրկնվելու` չեն տալու մթերված խաղողի գումարը, մթերելու համար գործարաններ չեն լինելու»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սաշիկը նշել էր, որ այս տարի խաղողի  բերքը 50 տոկոսով պակասել է:

Նա նշելէր,որ շատերը քանդել են այգիները, քանի որ վստահ են, որ հաջորդ տարի էլ ավելի է սրվելու մթերման խնդիրը:

Նշենք, որ գործարանները դեռ մոտ 70 միլիոնի պարտք ունեն քաղցրաշենցի խաղողագործներին:

Քաղցրաշենցիները եւ հարակից գյուղերի խաղողագործները պարբերաբար  բողոքի ցույցեր են կազմակերպել կառավարության մոտ` պահանջելով իրենց պարտքերը: Խաղողագործները վերջին անգամ բողոքի ցույց արեցին մայիսի 26-ին, նախագահական նստավայրի մոտ: