Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառում «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքները բոլորը վաճառվել են. ընկերները նոր աշխատանքների են սպասում` առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին վաճառելու համար: 

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի ընկերներից Արմեն Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիները հաճախ են մոտենում իրենց եւ հարցնում «հաց բերողի» աշխատանքները, իրենք էլ Արթուր Սարգսյանի եղբորը` Արսենին, խնդրել են ավարտին հասցնել նրա կիսատ թողած աշխատանքները, որպեսզի դրանք կարողանան վաճառել:

«Անցած շաբաթ էլ ենք նրա ձեռքի աշխատանքների վաճառք իրականացրել, բայց այս շաբաթ չկարողացանք` վերջացել էին: Շատ քաղաքացիներ են մոտենում նրա աշխատանքները հարցնում, խնդրել ենք եղբորը, որ նրա աշխատանքներից բերի»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ սեպտեմբերի 10-ին, վաղ առավոտից Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառում կիրականացվի Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառք:

Նշենք, որ վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ եւ այլն:

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար, նրան կալանավորել են:

Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է դպրոցում, այնուհետեւ Մանկավարժական համալսարանում՝ դասավանդել ֆիզիկա եւ մաթեմատիկա: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում «Վերնիսաժում»: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին: