Կոտայքի մարզի Գառնի գյուղի համայնքապետի ընտրությունները հոկտեմբերի 2-ին են: Առաջադրվել է  չորս թեկնածու, որից մեկը Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանն է, որը  հայտնի է Ազատ գետի պաշտպանությանը նվիրված բողոքի ցույցերից, երբ  վարչապետը փորձում էր գետի ջուրը խողովակներով տեղափոխել Արարատի մարզ, սակայն գյուղացիների ակտիվ պայքարի արդյունքում տապալվեց  գյուղը չորացնող վտանգավոր ծրագիրը:

Գառնիում ՀՅԴ-ն առաջադրել է Տիգրան Կարապետյանի թեկնածությունը,  ընդդիմադիրները դեռեւս թեկնածու չունեն:

«Հանրապետական»  կուսակցությունը  առաջադրել է «Կալինա Դվին» ՍՊԸ –ի տնօրեն Ահարոն Սահակյանի թեկնածությունը: Իսկ գործող գյուղապետ Աշոտ Վարդանյանն ինքնառաջադրվել է: Վերջինս հանրությանը հատկապես հայտնի դարձավ այն զվարճալի տեսանյութից, երբ  Ազատ գետի համար պայքարող աղջկան արգելում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի  մասին խոսել մականունով, իսկ աղջկա հակադարձումներին  ի պատասխան` առաջարկում էր գնալ սահմանին  ծառայել:  Ստացվում է, որ վարչապետին անձնուրաց պաշտպանող գյուղապետը մնացել է անպաշտպան. իշխանությունն այլ թեկնածու ունի:

Նշենք, որ Աշոտ Վարդանյանը  նախկին ԲՀԿ-ական է: Նախորդ ընտրություններում նրան առաջադրել է ԲՀԿ-ն, սակայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու հետո նա լքել է կուսակցությունը:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք այդ համայնքում թեկնածու չունեն: