ԼՂՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված զինծառայող Հրանտ Գրիգորյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ նրա մարմնի վրա կապտուկներ են եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայողի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը:
«Երկու թեւերի վրա՝ արմունկներից վերեւ կապտուկներ են եղել: Չորս մատերով բռնել, շատ ուժեղ սեղմել են»,- ասաց նա՝ նշելով, որ հաստատվել է նաեւ, որ Հրանտի մահը վրա է հասել կրակոցից:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, դասակի հրամանատար Վ. Բալայանը կալանավորված է:
Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, ԼՂ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:
Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:
Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:


























