Մինչեւ ընթացիկ տարեվերջ ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցային գործընթացում ոչ մի լուրջ առաջընթաց չի լինի: Այս մասին սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիսին ասել է Դաշնակցություն կուսակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր ոչ կառուցողական դիրքորոշումը: «Բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է, որը չի ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- նշել է Կիրո Մանոյանը:
Նա հավելել է, որ զգալիորեն մեծացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով: «Փաստը, որ Ադրբեջանի կողմից խախտումները նվազել են, բնականաբար միջնորդների ճնշման արդյունքն է»,- ընդգծել է Մանոյանը:
Նա նշել է, որ ներկայումս քննարկվող կարգավորման փաթեթը 2007 թվականին առաջարկված լուծումն է. «Տարածքների դիմաց առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի ինչ-որ անորոշ կարգավիճակ»:





























