ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտագնա ցուցահանդեսների շրջանակում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» հերթական ցուցահանդեսը:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները (Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ ժամանակաշրջանների մանրադրամներ) եւ թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական եւ բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր:

Ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաեւ Արցախի պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի տարածքում հատված մետաղադրամներին, ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին եւ մետաղադրամներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված ՀՀ հուշադրամներին:

Պատմական իրողություններին զուգահեռ, ամբողջ միջոցառման ընթացքում ԿԲ աշխատակիցների կողմից անցկացվել են ֆինանսական կրթման բնույթի դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցներին տրամադրվել են կրթական նյութեր, բուկլետներ՝ ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ: Ցուցահանդեսի այցելուները տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով տեղեկացել, թե ինչպես ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից եւ պաշտպանել սեփական շահերը:

Ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 13-ը: ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երեւանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաեւ ԼՂՀ աշակերտների եւ բնակիչների համար: