Երեւանում տեղի է ունեցել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության  փորձագետների տարեկան՝ 21-րդ նիստը: Քառօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Արաքս գետի խնդիրներին, ինչպես նաեւ երկրների սահմանամերձ հատվածների ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումներին:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը նախագահող ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի  ղեկավար, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա. Մխիթարյանը, բացման խոսքում ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր է գնահատել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ ինչպես նախորդ 20 հանդիպումներում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ կծավալվեն արդյունավետ քննարկումներ` վերլուծելով նախորդ տարվա կատարած աշխատանքների արդյունքները:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարեկան նիստի ժամանակ կազմված արձանագրության կետերի կատարման ընթացքը, արդյունքները եւ նախանշվել առաջընթացները: Քննարկումների արդյունքում կազմվել է առաջիկա մեկ տարվա կատարվելիք աշխատանքների արձանագրությունը: Կողմերը փոխանակել են Արաքս գետի ջրի համատեղ եւ միաժամանակյա նմուշառման եւ  մոնիթորինգի տվյալներով: Կազմվել է առաջիկա մեկ տարվա համատեղ եւ միաժամանակյա նմուշառման ժամանակացույցը:

Աշխատանքային խմբերի փորձագետները դիտարկել են նաեւ Արաքս գետում  բիոմոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր:

Աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների   21-րդ նիստի  արձանագրությունը, որում նաեւ ամրագրվել է, որ հաջորդ տարեկան նիստը տեղի է ունենալու 2017թ աշնանը ԻԻՀ Թավրիզ քաղաքում:

Հանդիպման ավարտին կողմերը նաեւ փոխանակվել են հուշանվերներով:

Նշենք, որ 2005 թվականին ստեղծվել եւ առ այսօր գործում են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայկական եւ իրանական փորձագետների աշխատանքային խմբեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված է Արաքս գետի ջրի որակի հսկմանը եւպահպանմանը:

Արաքս գետի հայ–իրանական համատեղ մոնիթորինգային աշխատանքների շրջանակ-ումդիտարկումներ կատարվում են Արաքս գետի 8 (ՀՀ-ում  եւ ԻԻՀ-ում 4-ական նմուշառման կետեր),  Մեղրիգետ եւ Կարճեւան գետերի մեկական նմուշառման կետերում:

Ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար երկու տարբերակով՝ ԻԻՀ-ի հետ համատեղ նմուշառում (միաժամանակ եւ´  հայկական, եւ´  իրանական ափերից) ու միաժամանակյա (յուրաքանչյուր կողմը իր ափից միեւնույն օրը):

Յուրաքանչյուր տարի տեղի է ունենում ՀՀ եւ ԻԻՀ ներկայացուցիչների տարեկան հանդիպում (զույգ տարեթվերին՝ ՀՀ-ում, իսկ կենտ տարեթվերին՝ ԻԻՀ-ում), որտեղ կողմերը ներկայացնում եւ փոխանակում են նախորդ տարվա ջրի նմուշառման եւ մոնիթորինգի տվյալները, գրավոր ներկայացված տեսակետները եւ հետագա քայլերը, ինչպես նաեւ կազմում  հաջորդ տարվա համար ջրի նմուշառման հաճախակա¬նության պլան-ժամանակացույցը: