Գառնիի գյուղապետի ընտրություններում Արուսյակ Այվազյանի թեկնածությունը, այսպես ասած, առաջադրել են համագյուղացիները:

«Համագյուղացիների մի մասը ցանկանում էր, որ առաջադրվեմ, քանի որ տրամադրված էին ու պնդեցին, առաջադրվեցի, բայց չգիտեմ` արդյունքում ինչ կլինի: Ես չէի կարող անտեսել նրանց ցանկությունը,  որ հետագայում ինչ-որ խնդիրներ լինեին, կմեղադրեին ինձ, որ ես իրենց չլսեց: Եթե ես չառաջադրվեի, հետագայում ինձ չէի ների»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արուսյակ Այվազյանը, ով առաջադրված չորս թեկնածուից միակ կինն է:

Հիշեցնենք, որ նա Գառնի գյուղի Ազատ գետի պաշտպանության նվիրված բողոքի ցույցների ակտիվ մասնակիցներից էր: Նրան որեւէ կուսակցություն չի սատարում: Նախկինում եղել է դաշնակցական, սակայն հետագայում կուսակցությունից դուրս է եկել, ինչպես ինքն է ասում, գաղափարական տարաձայնությունների պատճառով:

Հարցին` գյուղապետի պաշտոնը զբաղեցնելուց  հետո կհաջողվի՞ առաջ տանել գյուղի շահերը, ընդդիմանալ վարչապետին,  ինչը գյուղապետերին երբեք չի հաջողվում, Այվազյանը պատասխանեց. «Չգիտեմ` ապագայում ինչպես կլինի, բայց ես կաշխատեմ հանուն գյուղի: Եթե լավ ծրագրեր առաջարկի վարչապետը, կկատարենք, վատ լինի` տեղում կքննարկենք, ինքնագլուխ որոշում չեմ կայացնի, պետք է խորհրդակցել ամբողջ համայնքի հետ, որից հետո պետք է գնալ այդ քայլին»:

Դիտարկմանը, թե իր ընտրվելու շանսերն ավելի բա՞րձր են, քան գյուղապետինը, նա դժվարացավ ասել: 

Հիշեցնենք, որ  Արուսյակ Այվազյանը  իր համագյուղացիների հետ ակտիվ պայքար մղեց  կառավարության ծրագրի դեմ եւ պաշտպանեց գյուղը չորացնելու վտանգից: Կառավարության  ծրագրով նախատեսվում էր ոռոգման նպատակով Ազատ գետի ջուրը խողովակներով տեղափոխել Արարատի մարզ՝ ոռոգման նպատակով:

Գառնի գյուղում կուսակցություններից միայն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն են թեկնածու առաջադրել: Գործող գյուղապետը, որը նախկինում ԲՀԿ-անդամ էր, ինքնառաջադրվել է, նրան ոչ մի քաղաքական ուժ չի  սատարում, ինչպես Ազատ գետի պաշտպան Արուսյակ Այվազյանին: