Անազնիվ է, երբ մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել հիմք ընդունելով «մադրիդյան սկզբունքները», գործող իշխանություններին պատասխանատու են համարում ներկայիս իրավիճակի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա հիշեցրել է, որ «Մադրիդյան սկզբունքները» ներկայացվել են 2007-ի նոյեմբերին. «Այսինքն նախքան 2008-ի նախագահական ընտրությունները, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, իսկ Վարդան Օսկանյանը՝ ԱԳ նախարար: Հիմա, հետաքրքիր է, որ մարդիկ, որոնք բանակցություններ էին վարում այդ փաստաթղթի հիման վրա, հայտարարում են, որ ներկա իշխանությունները պատասխանատու են այսօրվա վիճակի համար: Կարծում եմ՝ դա անազնիվ է»,-ընդգծել է Մանոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում հայտարարել էր. «Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին եւ վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ եւ դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի եւ միջազգային հանրության կոշտ եւ վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով»:
Քոչարյանը նաեւ հայտարարել էր, որ «դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաեւ մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է»:
«Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միեւնույն ժամանակ, Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում եւ Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից եւ կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ»,-ասել է Քոչարյանը:





























