Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը համապատասխան պայմաններ կձեւավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ավանդական Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների եւ պրոֆեսորադասախոսական կազմի առջեւ ավանդական դասախոսության ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ եւ նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնակար տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց Մայր ԲՈՒՀ-ի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:

Իր ելույթում եւ հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Արտգործնախարարը խոսեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի, դրա հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին: Հանգամանալից անդրադարձ կատարվեց Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ դրանց կյանքի կոչումը համապատասխան պայմաններ կձեւավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտման ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին, ինչպես նաեւ միջազգային բեմահարթակում ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի առաջնորդող դերատակարությանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կանգ առավ 2015թ. եւ 2016թ. Երեւանում անցակացված «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումներին:

Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման, Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման, հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական փոխգործակցության զարգազման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Արտգործնախարարն անդրադարձավ տարբեր միջազգային կառույցներում եւ գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, տնտեսական համգործակցության ընդլայնման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից իրականացվող քայլերին։