ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանի շրջանակում ծրագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Արդրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՅԴ «Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով այդ հանդիպումից հետո հնարավոր են առաջխաղացումներ:
Անդրադառնալով ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Կիրո Մանոյանը շեշտել է.«Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, մանավանդ շփման գծում ու Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին, որպեսզի համապատասխան մթնոլորտում հնարավոր լինի ապահովել բանակցային գործընթացի առաջխաղացում: Եվ քանի որ այդ մթնոլորտը դեռ ստեղծված չէ, այսինքն Ադրբեջանը շարունակում է խախտել հրրադադարը, հետեւաբար Ղարաբաղի հարցով ամենաբարձր մակարդակով հանդիպումն անիմաստ է»:
Կիրո Մանոյանը բանակցային գործընթացում ստեղծված ներկա իրավիճակը թայմ -աութ չի համարում, եթե հաշվի առնենք ապրիլյան իրադարձություններին նախորդող ժամանակաշրջանը, երբ նախագահները ավելի հազվադեպ էին հանդիպում: «Հիմնական խնդիրը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումն է, ինչը խոչընդոտում է բանակցություններին»,- հավելել է Կիրո Մանոյանը:



























