Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող եւ օգոստոսի 27-ին Թբիլիսիի Գլդանիի բանտում ինքնասպան եղած 24-ամյա Նոդար Ակոպովը նախկինում էլ է ինքնասպանության փորձեր կատարել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, NEWS.am-ին տեղեկացրեց Քաչոտյանների հարազատներից տիկին Արմինեն: Նա նշեց, որ Նոդար Ակոպովը օգոստոսին երկու անգամ երակները կտրելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, սակայն, խցակիցները նրան օգնության են հասել, իսկ վերջին անգամ նա կալանավայրի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Նշենք, որ այս պահին՝ սպանված Քաչոտյանների ընտանիքի հայրը՝ Վաղինակ Քաչոտյանը, գտնվում է Թբիլիսիում, քանի որ Քաչոտյանների հարազատներն անհանգստացած են, որ Նոդարի սպանությունից հետո Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության գործին այդպես էլ ընթացք չի տրվի եւ հարուցված քրեական գործը կկարճվի:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:




























